ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կարճևանի դպրոցն իր գոյությամբ շատ հին է։ Պաշտոնական տվյալներով այն հիմնադրվել է  1873 թ․։

Դպրոցը, որը սկզբում մի սենյակ էր ներկայացնում, կառուցվում է 1872 թ․ եկեղեցուն կից, այսօրվա դպրոցի բակում և այդ ժամանակվանից էլ սկսվում է նրա պատմությունը Խաչատուր վարժապետի ղեկավարությամբ։  Նրա առաջին աշակերտները են եղել Բեգլար Մկրտչյանը, Վարդան և Առաքել Դավթյանները, Ասատուր Հարությունյանը (հայտնի կապիտալիստ Բաքվում),Մկրտիչ Մելիքյանը և ուրիշներ։

Դպրոցի շենքի կառուցումը հազիվ ավարտում են 1876 թ․, իսկ մինչ այդ Խաչատուրը պարապում էր մասնավոր տներում։

1873 թ․ սկսած դպրոցը արխիվում ցույց է տված որպես ծխական՝ 26 աշակերտներով, իսկ 1873 թ․ մասնավոր ուսումնարան՝ արական սեռի։ 1876 թ․ դպրոցը գործել է՝ ունենեալով 1 ուսուցիչ, 28 աշակերտ։

1882 թ․ Տաթևում ուսանած Հովակիմ Տեր-Վահանյանը  (աշխարհահռչակ շախմատիստ Ռաֆայել Վահանյանի տոհմակից) վերադառնում է գյուղ, շարունակում Խաչատուրի գործը։ 1893 թ․ գյուղացիները որոշում են դպրոցի նոր շենք կառուցել, ով ինչով կարող էր։ Դպրոցը կառուցվում է 1895 թ․ ։ Կարճևանի հասարակության խնդրանքով Էջմիածնի կաթողիկոսը հաստատում է նորընտիր հոգաբարձուների կազմը։ Սկսվում է կանոնավոր դասավանդումը։

Ուսուցիչներն էին ՝ Տեր-Սահակը, մեղրեցի Նապոլեոնը։ Սակայն 1896 թ․ ցարական Ռուսաստանի կողմից հայկական դպրոցների փակումը հասնում է նաև այս դպրոցին։ Դպրոցը դառնում է ծածուկ ՝ տներում։ 1900 թ․ արդեն արգելքը վերացավ։ Դպրոցում դասավանդում էին կրոն, գեղագիտություն, թվաբանություն, ռուսերեն։

Դպրոցում դասավանդել է նաև Ավագ Ծատուրյանը, որ եղել է Կոմիտասի աշակերտը։

1920 թ․ կառուցվեց դպրոցի նոր շենք։ Դպրոցը ունեցել է  նվիրյալ տնօրեններ՝ Մինաս Ծատուրյան, Գուրգեն Աղայանը, Ծատուր Դավթյանը, Արտո Գևորգյանը, Աշոտ Խաչատրյանը, Բաբկեն Առաքելյանը, Արծվիկ Աբյանը, Էդիկ Թումանյանը, Մելինե Գևորգյանը։

Դպրոցը տվել է շատ նշանավոր շրջանավարտներ։